ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ` օգոստոսի 24-ին, որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել է Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և լուսանկար հրապարակել համացանցում: Այսօր Facebbok սոցիալական ցանցում նա գրել է, որ այդ փաստն արձագանք է գտել համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իր պատճառով:
«Հաճելի էր, որ արձագանքների և գնահատականների ճնշող մասը դրական էր և համարժեք այս քայլին: Բայց տեղ գտան նաև հարցադրումներ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի` ինչու էր Նիկոլ Փաշինյանը հրավիրել Արմեն Աշոտյանին, և ինչու էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը»,- գրել է Աշոտյանը:
Նա որոշել է օգտագործել այդ առիթը և վերահաստատել իր տեսակետը։
«Անկախ ներքաղաքական տարաձայնություններից, ներքին թեժ պայքարից և քաղաքական գնահատականներից, մենք պետություն ենք ներկայացնում: Լինելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ արել և անելու եմ դա իշխանափոխությունից առաջ և հետո: Ինձ լավություն չեն արել, երբ ի պաշտոնե հրավիրել են այդ միջոցառմանը: Ես էլ լավություն չեմ արել, երբ ընդունել եմ հրավերը: Ինձ լավություն չեն արել, երբ իմ քննադատությունից և ահազանգից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրկին ներգրավել են Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը ապահովող հանձնաժողովի մեջ: Ոչ էլ ես եմ լավություն արել, երբ համաձայնել եմ աշխատել այդ ձևաչափով»,- գրել է պատգամավորը։
Աշոտյանի խոսքով` ինքը լավություն չի անում կառավարությանը, երբ ԵՎՐԱՆԵՍԹ-ում, Եվրոպական Խորհրդարանում կամ այլուր պայքարում է Հայաստանի ազգային շահերի համար:
«Ոչ էլ վատություն եմ անում օրվա իշխանություններին, երբ այդ նույն միջազգային հարթակներում քննադատում եմ իրենց գործողությունները:Նման հարցերում լավություն հասկացություն չկա: Մենք, պետական բոլոր պաշտոնյաներս, պարտավոր ենք աշխատել մեր պատասխանատվության ոլորտներում, օգտագործելով մեր գիտելիքները, փորձը, հմտությունները և կապերը հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն մեր քաղաքացիների»,- ընդգծել է պատգամավորը:
Աշոտյանը նշել է, որ սա ասում է որպես քաղաքական աքսիոմ, պարզ ճշմարտություն, որպես պետությունը սիրող մարդ:
«Այդպես շարունակելու եմ վարվել այնքան ժամանակ, որքան օգտակար կլինեմ իմ երկրին, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության մեջ և միջազգային պարտավորությունների կատարման հարցում»,- գրել է նա:
Պատգամավորն իր գրառումը եզրափակել է հետևյալ տողով. «Կառավարությունները գալիս են ու գնում են, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի մշտապես և բոլորինը»:
Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, երեկ երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Արարողակարգի համաձայն` երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին: