ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Oգոստոսի 29-ին, ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի դին՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը:
Կատարվում է նախաքննություն: