ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Բեռլինը մտադիր է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների նոր ռազմավարություն մշակել։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, փոխանցում է Dpa–ն։
Նախարարն ընդգծել է, որ կօգտվի հոկտեմբերի 3–ին ԱՄՆ–ում մեկնարկող Գերմանիայի տարուց։ Նրա կարծիքով` տրանսատլանտյան համագործակցության վերագնահատման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։
«Պետք է գնահատել սթափ, քննադատորեն, նույնիսկ ինքնաքննադատորեն», – ասել է Մաասը Բեռլինում, ԱՄՆ–ում Գերմանիայի տարվա մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում։
Գերմանիայի արտգործնախարարն ավելի վաղ Handelsblatt պարբերականի իր հոդվածում պնդում էր, որ ԱՄՆ–ն ու Եվրոպան արդեն երկար տարիներ է հեռանում են միմյանցից, իսկ շահերի ու արժեքների ընդհանրությունը հետզհետե մարում են։
Որպես Վաշինգտոնի հետ նոր հարաբերությունների հիմք գերմանացի նախարարը առաջարկել է ընդունել բալանսավորված համագործակցության գաղափարը, իսկ որպես Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակ` ուժեղ ու անկախ Եվրոպան։ Միաժամանակ նա նշել է` այնտեղ, որտեղ Վաշինգտոնը հատում է կարմիր գիծը, միացյալ Եվրոպան պետք է հակակշիռ կիրառի։
ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հարաբերությունները վատացան Վաշինգտոնի` Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու ֆոնին։ Օգոստոսի 7–ից Եվրամիությունում մի օրենք է ուժի մեջ մտել, որը չեղարկում է Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի արտատարածքային պատժամիջոցները։