Դժբախտությունը միայնակ չի գալիս․ մտերիմ մարդ է մահանում, բարեկամները լացում ու հանգստացնող հաբեր են ընդունում, իսկ հետո արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպելու անհրաժեշտության առաջ են կանգնում։
Հանգուցյալի բարեկամները ոտք են դնում սգո ծառայությունների մռայլ աշխարհ։ Այնտեղ նրանց ցավակցում են ու խոստանում են ամեն ինչ ամենաբարձ մակարդակով անել։ Նրանք ավտոմատ կերպով վճարում են նշված գումարը, սգալով միայն իրենց կորուստի մասին և մտածելով՝ երբ է այդ ամենն ավարտվելու։
Հենց դրա վրա են հույսը դնում կազմակերպիչները՝ բարձր գներ սահմանելով այդպիսի արարողությունների ժամանակ սովորաբար օգտագործվող ատրիբուտների վրա։
Որքա՞ն են սովորական քաղաքացիների վրա նստում սգո արարողությունները։ Որքա՞ն արժեն նույն պարագաները շուկայում ու հնարավոր է արդյո՞ք խուսափել ավելորդ ծախսերից։ Ամեն ինչի մասին հերթով։
Նախ նշենք, որ հոգեհանգիստ կազմակերպելու համար սրահի վարձակալությունն արժե մոտ 100 հազար դրամ։ Հաճախ հոգեհանգիստը տանն են անցկացնում այդ դեպքում հանգուցյալի դին դիահերձարանից տուն հասցնելն արժե մոտ 40 հազար դրամ. նույնքան արժե գերեզմանատուն հասցնելը։
Բացի այդ, արարողությունը կարելի է կազմակերպել եկեղեցում։ Երևանում կա երկու եկեղեցի, որտեղ թույլատրվում է հոգեհանգիստ անցկացնել ու որտեղ թույլատրվում է հանգուցյալին դագաղով գիշերը եկեղեցում թողնել։ Դա Նորագավթի Սուրբ Գևորգն է ու Մալաթիայի Սուրբ Աստվածածինը։ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կարելի է արարողություն պատվիրել, սակայն հոգեհանգստից հետ դագաղը պետք է տանել։
Ինչ վերաբերում է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն՝ ապա այնտեղ հրաժեշտ են տալիս հիմնականում հայտնի մարդկանց կամ հերոսներին։
Եկեղեցին ծառայության համար հստակ գումար չի պահանջում․ ամեն ինչ բարեկամների հայեցողությամբ է։ Սովորաբար 20-30 հազար դրամ են վճարում։ Եթե բարեկամներն ուզենան, որ եկեղեցական երգչախումբը երգի արարողության ընթացքում, պետք է յուրաքանչյուր երգչին 2-3 հազար դրամ վճարել։ Երգիչների նվազագույն քանակը երեքն է։
Հիմա ծաղկեպսակների մասին։ Հետաքրքիր է՝ եթե պսակի նույն ծաղիկներից տոնական փունջ հավաքել, ապա գինը զգալիորեն ավելի ցածր կլինի։ Ամենաէժան ծաղկեպսակն արժե 30 դրամ․ այնտեղ սովորաբար թանկարժեք վարդեր կամ հովտաշուշաններ չկան, այն կազմված է մեխակներից ու խրիզանթեմներից։ 10 մեխակի ու 5 խրիզանթեմի փոքրածախ վաճառքի գինը հինգ հազար դրամ է։ Ստացվում է, որ 25 դրամ պետք է վճարել միայն պսակի դիզայնի համար։
Հաճախ բարեկամները պատվիրում են հանգուցյալի մեծացրած լուսանկարը։ Սգո ծառայություններում լուսանկարը շրջանակում արժե 15 հազար դրամ: Մինչդեռ՝ սովորական ֆոտոսրահում լուսանկարը կարելի է տպել 3 հազար դրամով, իսկ շրջանակը գնել մոտ 4 հազար դրամով։
Կատաֆալկը ծախսերի ևս մի անխուսափելի կետ է։ Այն կարելի է վարձակալել 40 հազար դրամով։ Պսակների տեղափոխման համար էլ առանձին բեռնատար են վարձում։ Սգո ծառայությունների գրասենյակում ձեզ կառաջարկեն այն 15 հազար դրամով, սակայն կարելի է նաև ավելի էժան տարբերակ գտնել։ Մասնավորապես, նույն բջջային հավելվածների օգնությամբ դրանց ծառայության նվազագույն արժեքը 2 հազար դրամ է։ Դրանք պսակները գերեզմանատուն կհասցնեն առավելագույնը 6 հազար դրամով։
Ինչ վերաբերում է դագաղին՝ գները տատանվում են 100 – 5000 դոլարի միջև։ Սգո ծառայությունների գրասենյակում մեր հարցին, թե ում է պետք այդքան թանկ դագաղ, հպարտորեն պատասխանեցին, որ իրենց մոտ ավելի հաճախ պատվիրում են հենց թանկ, այլ ոչ թե էժան դագաղներ։
Անկեղծ ասած, դժվար է հասկանալ, քանի որ հանգուցյալը, լինի նա 20 թե 70 տարեկան, արդեն ողջ չէ։ Թանկարժեք դագաղ ու պսակ գնելով մարդուն հետ չես բերի։ Իսկ ընտանիքն ու բարեկամները պետք է ապրեն ու ձև գտնեն ֆինանսական բեռից ազատվելու։