Անցումային արդարադատությունը Հայաստանում չի խախտի սահմանադրությունն ու օրենքի ոչ մի հոդված։ Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ։
«Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն ու կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Այն լինելու է օրինական», — ասաց Արտակ Զեյնալյանն ու ընդգծեց, որ քննվելու են տուժածների իրավունքների վերականգնումը։
Նախարարն ավելացրեց, որ միաժամանակ անհնար է անվերջ վերանայել նախորդ դատական գործերն ու որոշումները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևոր համարեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունը։