ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հայկական երկու ակումբները՝ «Ալաշկերտն» ու «Փյունիկը», անցկացրեցին Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները: Մեր առաջնության գործող չեմպիոն «Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժ» թիմից: Ընդ որում, ռումինացիները ջախջախեցին «Ալաշկերտին» պատասխան խաղում հաղթանակի հասնելով՝ 5:0 և ընդհանուր 7:0 հաշվով:
Անհամեմատ ավելի հաջող խաղաց Երևանի «Փյունիկը»: Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ առաջին խաղում ոչ-ոքի՝ 0:0 արդյունքի հասնելով` Իսրայելում «Փյունիկը» առաջին խաղակեսի ավարտից հետո հաղթում էր մրցակցին նվազագույն՝ 1:0 հաշվով:
Դենիս Վոյնովի գնդակը շատ օպտիմիստական տրամադրություն էր հաղորդել հայ ֆուտբոլասերին: Սակայն պատմական արդյունքի` այն է փլեյ օֆֆ դուրս գալու, հայկական թիմին չհաջողվեց: Երկրորդ կեսում «Մաքքաբին» 15 րոպեի տարբերությամբ երկու գնդակ ուղարկեց մեր թիմի դարպասը:
Չնայած «Փյունիկի» խաղացողների նվիրվածությանն ու պայքարելու բուռն ցանկությանը, այնուամենայնիվ, «Մաքքաբիի» ավելի բարձր կարգը իրեն զգացնել տվեց: Հանդիպման վերջնամասում մեր ֆուտբոլիստները, լարելով բոլոր ուժերը, փորձում էին խուսափել պարտությունից: Եվ արդյունավետ ոչ-ոքին մեր թիմի համար հավասարազոր էր հաղթանակի: Սակայն պատմական նոր արդյունքի հասնել չհաջողվեց: «Փյունիկն» էլ լքեց եվրոպական մրցասպարեզը: