Ոսկանյանը նշում է, որ միջազգային կոնվենցիան սահմանում է Կասպից ծովի բաժանման սկզբունքները, բայց այդ բաժանումը դեռ իրականացված չէ, մասնավորապես Իրանի և Ադրբեջանի միջև։
«Սկզբունքը կա, բայց բաժանումը պետք է իրականացվի երկկողմ բանակցությունների միջոցով»,- նշում է նրա։
Ոսկանյանի խոսքով` համաձայնագրում մի կարևոր հանգամանք կա, որը վերաբերում է Կասպից ծովի ապառազմականացմանը երրորդ ոչ տարածքաշրջանային երկրների կողմից, ինչը կարևոր է Իրանի շահերի տեսանկյունից։
Ըստ փորձագետի` ստորագրված համաձայնագրի վերաբերյալ արձագանքները կարելի է գնահատել երկակի։ Կան արձագանքներ իրանական փորձագիտական շրջանակներում առ այն, որ այդ համաձայնագիրը կարևոր է, և դրանով լուծվում է կասպից ծովի` 20 տարուց ավելի տևած բաժանման խնդիրը։ Բայց կան նաև այլ տեսակետներ, որ այս հարցում` իրանա-ադրբեջանական սեկտորների խնդրում, չպետք է շտապել։
Նշենք, որ օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր: Դրա շուրջ աշխատանքները տարվել են 22 տարի:
Հռչակագրի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանուղլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: