ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի`ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները Հայաստան վերադարձնելու նախաձեռնությունը պետք է դիտարկել 10 տարվա հեռանկարում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ներդրումների ու առևտրի փորձագետ Գևորգ Թորոսյանը։
Թեև Թորոսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում նախաձեռնությունը, բայց խորհուրդ չի տալիս Համաշխարհային բանկից արագ արդյունքներ ակնկալել, քանի որ այդ գործընթացը բազում բարդություններ ունի։ Հաջողության են հասել պետությունները, որոնց հաջողվել է իրավական հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, ուր տարվել է կապիտալը։ Այդ պետություններին հաջողվել է հաշիվների ու ակտիվների սառեցման գործընթաց սկսել և ակտիվ համագործակցություն զարգացնել պատասխանատու կառույցների հետ։
«Հայկական կողմը կկարողանա տեխնիկական աջակցություն ստանալ, բայց կապիտալը վերադարձնելը շատ բարդ ու թանկարժեք գործընթաց է, պետք է իրավիճակին սթափ նայել ու հույս չունենալ, որ արագ արդյունք կլինի», — ընդգծեց Թորոսյանը։
Փորձագետը գումարների վերադարձն արագացնող գործոն է համարում արդարադատության համակարգի ու իրավապահ մարմինների հեղինակության աստիճանը։ Նրա կարծիքով` տվյալ պահին երկրում անցկացվող հակակոռուպցիոն պայքարը կարող է զգալիորեն բարձրացնել այն։ Վերջին ամիսներին այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է արվում։ Փորձագետը կարծում է, որ այն չափավոր ագրեսիվ է ու բավականին արդյունավետ։
«Հասարակության շրջանում վախ ու խուճապ չկա։ Բոլորը շատ լավ հասկանում են` ինչի համար է կոռուպցիայի դեմ պայքարը», — ասաց նա։
Հիշեցնենք` օգոստոսի 10-ին Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Նա նշել էր, որ այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։ Միրզոյանը արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային բանկի ղեկավարությանը։