ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ռումինական թիմը խաղի հենց մեկնարկից ապացուցեց, որ բավականին գրագետ ու բարձրակարգ ֆուտբոլ է խաղում: «Ալաշկերտի» բոլոր գրոհները մրցակցի կողմից շատ վստահ ու հստակ չեզոքացվում էին: Եզրերում մեր ֆուտբոլիստների ակտիվությունը պտուղներ չէր, տալիս: Առաջին հերթին արագության պակասի պատճառով, ինչն էլ հնարավորություն էր տալիս «Կլուժին» կարդալ հայկական թիմի հետագա մտահղացումներն ու զրկելով ազատ գործելու հնարավորությունից, մրցակիցը կարողանում էր անառիկ պահել սեփական դարպասը:
Սակայն սա չի նշանակում, որ «Կլուժը» միայն պաշտպանվում էր: Լրիվ հակառակը, հյուրերը շատ համարձակ էին գործում նաև առջևի գծում: Ու ի տարբերություն «Ալաշկերտի», Ռումինիայի չեմպիոնի գրոհները բավականին արագ էին: Իսկ խորքից հետևող փոխանցումները երբեմն անակնկալ էին դառնում մեր թիմի համար: Հենց խորքից հետևած փոխանցումից հետո Ջորջե Ցուկուդյանը մեն-մենակ հայտնվեց Օգնեն Չանչարևիչի դիմաց ու բացեց խաղի հաշիվը:
Խաղի նման ընթացքը ստիպում էր հայկական թիմի ֆուտբոլիստներին դիմել հեռահար հարվածների, բայց մինչև ընդմիջում միայն Արտակ Եդիգարյանի հարվածն էր վտանգավոր: Մնացած դեպքերում հյուրերի դարպասապահը հանգիստ որսում էր գնդակը, կամ էլ հարվածը շեղ էր ստացվում: Հանդիպման վճռական պահը եկավ երկրորդ կեսի սկզբում, երբ «Ալաշկերտի» պաշտպան ՕլիվերՊրազնովսկին սեփական տուգանային հրապարկում խախտեց կանոնները և Ջորջե Ցուկուդյանը «Կլուժի» կազմում դարձավ դուբլի հեղինակ:
Ճիշտ է «Ալաշկերտը» շարունակում էր պայքարը և մասնավորապես Ուրոշ Նենադովիչը շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը կրճատելու համար, բայց մեր թիմի բոլոր փորձերը ապարդյուն էին: Սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտությունը անկասկած «Ալաշկերտին» գործնականում զրկում է որակավորման հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: Իսկ պատասխան խաղը կայանալու է մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 16-ին Ռումինիայում: