ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Վերին Լարսի անցակետում ամռան ընթացքում պարբերաբար առաջացող խնդիրները չեն ազդել Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալների վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Նրա խոսքով` արտահանումների բուռն պրոցեսի ընթացքում ճանապարհի այդ հատվածում խափանումներ քիչ եղան, ուստի և մեծ մասամբ չազդեցին բերքի արտահանման ընդհանուր գործընթացի վրա։
Ծիրանի բերքն այս տարի առատ էր, առողջ ու ապրանքային լավ տեսքով։
«Բոլորն են շուկայում նկատել, որ ծիրանն այս տարի շատ ավելի խոշոր, գեղեցիկ տեսքով ու առանց հիվանդությունների կամ վնասատուների հետքերի էր»,– ասաց Պետրոսյանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` արտահանման ծավալներով ռեկորդակիրն այս տարի հայկական ծիրանն է։
2018 թվականի հուլիսի 27-ի տվյալներով` հանրապետությունից արտահանված 111 349 տոննա պտուղ–բանջարեղենի գրեթե կեսը` 50 258 տոննան, ծիրանն է եղել։
Ընդ որում, գյուղնախարարության տվյալներով` արտահանվող ծիրանը գյուղացուց ձեռք է բերվել 1 կգ–ը 200-300 դրամով։
Ծիրանի առատությունից ու, իհարկե, գնից միակ դժգոհողը, Գառնիկ Պետրոսյանի խոսքով, գյուղացիական տնտեսություններն էին։
«Բայց դա շուկան է որոշում։ Կար մեծ քանակ, մեծ առաջարկ, ինչն էլ, բնականաբար, բերում է գների նվազեցման»,– ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք` գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալներով` այս տարի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 45 հազար տոննայով։
Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ 111 349 տոննայից 104 318–ը, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ: