ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Վերին Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
«Ռուսական հատվածում հերթը նվազել է՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է»,-գրում է Արմեն Փամբուխչյանը` խոստանալով օրվա ընթացքում նոր տեղեկություններ հաղորդել:
Ռուսաստանի ԱԻՆ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ այս պահին Վերին Լարսի ռուսական անցակետի մոտ շուրջ 400 ավտոմեքենա կա կուտակված։
«Առավոտյան ՌԴ–ի տարածքից մեկնելու համար շուրջ 300 մարդատար և 109 բեռնատար ավտոմեքենա էր կանգնած»,– հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նույն աղբյուրի դիտարկմամբ` ավտոմեքենաների հերթի նվազման միտում առայժմ չի նկատվում, քանի որ հանգստացողների հոսքը դեպի Հյուսիսային Կովկաս շարունակվում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր մեկնել է Վերին Լարս` տեղում խնդրին ծանոթանալու։
Նշենք նաև, որ մեկ ավտոմեքենային ացնումը մաքսակետով, ԱԻՆ–ի տվյալներով տևում է 3-5 ժամ։