ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Այսօր, վերջապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է Բաքվում հանդիպել գերեվարված Կարեն Ղազարյանին։
Այս մասին ֆեսյբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր Բաքվում ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին, ով 15.07.2018թ հայտնվել էր Ադրբեջանում։ Ներկայացուցիչները հետևել են նրա ազատազրկման պայմաններին, նամակ փոխանցել»,–գրել է նա։
Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի է վերցվել։
Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշված անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով միջազգային կառույցներին է դիմել նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների և նրա վերադարձի կազմակերպման համար անմիջապես զգուշացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակը:
Իսկ ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցերը նրան: