ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը կապված «Հայելի» ակումբում իմ կողմից անզգույշ արված արտահայտության հետ: Այս մասին այսօր գրել է ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը` ի նկատի ունենալով`«գրավյալ տարածքները պետք է հետ տալ» արտահայտությունը, որն ինքը արել էր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Հավատացնում եմ, ես փորձում էի ներկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով ավարտել միտքս: Գրավյալ տարածք ասել եմ, քանի որ իմ մեջ տպավորվել էր Ալ-Ջազիրային տրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ», Օսկանյանի կողմից ազատագրված տարածքները «օկուպացված» անվանելու դրվագը, ինչպես նաև Կազանյան և Մադրիդյան փաստաթղթերում զետեղված բնութագրերը: Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են»,–արձանագրում է Թադևոսյանը, ապա հարց բարձրացնում, թե այդ դեպքում ի՞նչպես են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգավորման պատասխանատու պաշտոնյաները թույլ տվել այդ մասշտաբի «պետական դավաճանություն»։
Նա մեկ անգամ ևս ներողություն է խնդրել և նշել, որ բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: «Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ»,–գրել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱԿ խմբակցության անդամ Զոյա Թադևոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ո՞վ է Արցախից փորձում մի թիզ հող վերադարձնել: Ազատագրված տարածքներն Արցախի տարածքները չեն: Ազատագրված են մեր բնութագրմամբ, բայց, դուք լավ գիտեք, որ դրանք գրավյալ տարածքներ են»: