ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Արմավիրում այս գիշեր տեղի ունեցած ողբերգական ավտովթարը մի երիտասարդի կյանք է խլել։ Կան նաև վիրավորներ։
Ինչպես հայտնում Shashyan.com-ը, օգոստոսի 1-ին, ժամը 02։50- սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը, իր վարած Opel մակնիշի 35 FP 983 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Մկրտիչ Խաչատրյանը, 37-ամյա Ոսկան Խաչատրյանը և Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մրազ Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Ժամը 03։30-ի սահմաններում Խ. Նալբանդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մ. և Ո. Խաչատրյանները հարազատ եղբայրներ են։