ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է վերջնականապես կարգավորել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը` խստացնելով տրանսպորտային ընկերությունների համար նախատեսված, ինչպես նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների տեխնիկական վիճակին վերաբերող պահանջները։ Բացի այդ մի շարք կազմակերպչական և տեխնիկական պահանջներ կվերանայվեն։
Այս մասին լրագրողներին այսօր ասաց Հայաստանի տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, ով ներկա է եղել ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման համար նախատեսված տրանսպորտային ընկերություններ ընտրելու մրցույթին։
Փոխնախարարի խոսքով` մրցույթը կոչված է բացառել ոչ կանոնավոր փոխադրումները։ Ավելի վաղ, դեռ նախկին իշխանության օրոք, տասնյակ կազմակերպություններ փաստորեն կանոնավոր փոխադրումներ էին իրականացնում, սակայն ֆորմալ առումով դրանք ոչ կանոնավոր էին համարվում։
Այդ ընկերությունների ներկայացուցիչները դեռ հունիսի 4-ին բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի առաջ` պահանջելով վերանայել ինչպես սակագները, այնպես էլ արտոնագրի տրամադրման պայմանները։
Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հունիսի 1-ից Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հայ վարորդներին արգելվել էր առանց միջպետական արտոնագրի հատել Ռուսաստանի սահմանը։
Հայաստանի գործող օրենսդրության համաձայն` պետությունը ուղևորափոխադրումների համար արտոնագիր է տրամադրում այն ընկերություններին, որոնք միայն դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնում։ Այժմ կառավարությունն ուզում է մրցույթի օգնությամբ օրինականացնել տրանսպորտային ընկերությունների գործունեությունը և ընտրության ժամանակ համաձայնեցնել այն երկրների համապատասխան կառույցների հետ, որոնց ուղղությամբ էլ իրականացվելու են փոխադրումները։
Եվ մեկ նորամուծություն` տրանսպորտի նախարարությունը պայմանավորվածություն ձեռք կբերի ավտոկայանների հետ, որպեսզի տրանսպորտային միջոցները ճամփա ընկնեն հենց կայարաններից, այլ ոչ մասնավոր բակերից։ Եվ միայն հատուկ թույլտվության առկայության դեպքում տրանսպորտային միջոցը կկարողանա հատել սահմանը։
«Փոխադրողն անցել է մրցույթով, ստացել համապատասխան արտոնագիրը, այնուհետև այն պետք է պայմանագիր կնքի ավտոկայանի հետ և միայն դրանից հետո կկարողանա փոխադրումներ իրականացնել։ Այդպիսով, մենք կկարողանանք բացառել առանձին մարդկանց և փոխադրող ընկերությունների ինքնագործունեությունը։ Իհարկե, խստացումը կարող է նրանց դուր չգալ, սակայն ուղևորների կյանքը մեզ համար ամենաթանկն է», – նշեց Փամբուխչյանը։
Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 24 ընկերություն։ Նրանք կպայքարեն 41 երթուղով փոխադրումներ իրականացնելու իրավունքի համար։ Դրանցից 37-ը` դեպի Ռուսաստան, 2-ը` Ուկրաինա, 1-ը` Վրաստան և 1-ը` դեպի Իրան։ Ընկերություններն ընտրելու ընթացակարգը մոտ 10 օր կտևի։ Ընտրության ժամանակ հաշվի է առնվում տրանսպորտային տեխնիկական վիճակը, վարորդների ստաժը, նրանց ֆիզիկական վիճակն ու այլ չափանիշներ։