ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքում է Արարատի նախկին մարզպետի բոլոր մեղադրանքները և կարծում է, որ դրանք կապ չունեն երկրի իշխանափոխության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Բանն այն է, որ 2018թ-ի հուլիսի 4-ին Սարգսյանը Հայաստանի քննչական կոմիտե դիմում է ներկայացրել այն մասին, որ Հովակիմյանը, 2012թ-ից սկսած, նրանից խոշոր չափի գումար է պահանջում` հակառակ դեպքում սպառնալով վարկաբեկող տեղեկություններ հրապարակել։
Հետաքննության ընթացքում նախկին մարզպետն իր հերթին հաղորդել է քննիչներին, որ ոստիկանության նախկին պետից փող չի պահանջել։ Ավելին` Հովակիմյանը հայտնել է, որ 2008թ-ին անձամբ փող է փոխանցել Սարգսյանին, որն այդ պահին եղել է հանրապետության ոստիկանապետը, որպեսզի այդ կառույցում աշխատանքի տեղավորի իր նախկին աշխատողի որդուն։ Միաժամանակ, նախկին մարզպետի վարկածով, Սարգսյանն իր խոստումը չի կատարել, բայց փողն այդպես էլ չի վերադարձրել։
Հայաստանի ոստիկանության նախկին պետը հերքում է այս մեղադրանքները։
«Ես պատրաստվում եմ նրան դատի տալ և հրապարակավ ներողություն եմ պահանջում ինձ հասցրած բարոյական վնասի, վիրավորանքների համար։ Ես նրան չեմ ների», — ասաց Սարգսյանը։
Նա պնդում է, որ Հովակիմյանը ծանր է տարել նրան ոստիկանապետի պաշտոնում նշանակելու մասին նորությունը։ 2011թ-ի նոյեմբերին 1-ին Սարգսյանը լքել է ոստիկանության պետի պաշտոնը և մի քանի ամիս անց ստացել առաջին նամակը, որում Հովակիմյանը նրան շանտաժի է ենթարկել։
«Նա գրում էր, որ իր բոլոր խնդիրների մեղավորը ես եմ և պետք է պատասխան տամ ամեն ինչի համար», — ասաց Սարգսյանը։
Ոստիկանության նախկին ղեկավարն ավելացրեց, որ սկզբում լուրջ չի վերաբերվել այդ սպառնալիքին, բայց մեկ տարի անց երկրորդ նամակն է ստացել` նույն բովանդակությամբ։ Բայց Հովակիմյանը կանգ չի առել և Սարգսյանի մոտ մարդ է ուղարկել` հաղորդելով, որ եթե նա չփոխհատուցի Հովակիմյանի վնասները, կբողոքի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
«Երկրում իշխանափոխությունից հետո նա ինձ զանգեց և սպառնաց` նշելով, որ նախկին իշխանությունն արդեն չկա, և ես կտեսնեմ, թե ինչ կլինի ինձ հետ», — ավելացրեց Սարգսյանը։
Այդուհանդերձ, Ալիկ Սարգսյանը վստահ է, որ Հովակիմյանի բարձրացրած աղմուկը ոչ մի կերպ կապված չէ իշխանափոխության հետ։ Նա կարծում է, որ նախկին մարզպետը տառապում է ինչ-որ հոգեկան խանգարումով։
«Նրա համար գլխավորը ինձ ցանկացած գնով վնաս հասցնելն է։ Իր բոլոր խնդիրները կապել է ինձ հետ», — ասաց Սարգսյանը։
Միաժամանակ Հայաստանի նախկին ոստիկանապետն իրեն բացարձակ անմեղ է համարում և չի վախենում արդար դատավարությունից։
Նշենք, որ Քննչական կոմիտեն Սարգսյանի և Հովակիմյանի փոխադարձ մեղադրանքներով նախապատրաստված նյութերում նկատել է հանցագործությունների նշաններ, որոնք նախատեսված են «շորթում հատկապես խոշոր չափերի ունեցվածք ստանալու նպատակով», «հատկապես խոշոր չափերի կաշառք տալ և ստանալ» և «միջնորդություն կաշառակերության մեջ» հոդվածներով։ Արդյունքում քննչական կոմիտեն որոշել է քրեական գործ հարուցել և փաստաթղթերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։