ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում ծաղրանկար է հրապարակել, որի «գլխավոր հերոսներից» մեկը հենց ինքն է, իսկ մյուսը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ծաղրանկարի հեղինակը Սևադա Ղազարյանն է:
«Ողջունում եմ նոր Հայաստանին և շնորհակալություն հայտնում Սևադային հրաշալի ծաղրանկարի համար»,- ծաղրանկարին կից գրել է Թանկյանը:
Ծաղրանկարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռագույն փողկապով է, նրա Սերժ Թանկյանը՝ «Դուխով» գրությամբ շապիկով։ Նրանք միասին թթի օղի են խմում:
Հիշեցնենք, որ System Of A Down ռոք խմբի մենակատարին անչափ ոգևորել էր Հայաստանի «թավշյա հեղափոխությունը։ Նա Երևան էր ժամանել մայիսի 7-ին։ Օդանավակայանում նրան դիմավորել էր Նիկոլ Փաշինյանը։ Թանկյանը խոստացել էր ամեն տարի Հայաստան գալ ու երկար մնալ։