ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հունիսի կեսերին մայրաքաղաքի Չարենցի փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել։ Գաղտնի հափշտակել էին 39-ամյա տանտիրոջ ձեռքի պայուսակը, ակնոցը, բջջային հեռախոսի լիցքավորիչը, նաև վերնաշապիկները։ Տղամարդը ոստիկանություն չէր դիմել։ Բնակարանային գողության վերաբերյալ տեղեկությունը ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ ճանապարհով։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտման միջոցառումների ընթացքում նրանց տեսադաշտում հայտնվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողը, որն, ի դեպ, կին է։
Նա խոստովանեց, որ հունիսի կեսերին ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքի Չարենցի փողոցում գտնվող մի տուն և գողություն կատարել։ Հանցագործության բացահայտումից հետո էլ տուժողից հաղորդում ընդունվեց։
Բացի վերոհիշյալը, ոստիկանության Մարաշի բաժանմունքում այլ դեպքի հետ կապված հանգամանքներ էլ պարզվեցին։ Հուլիսի 12-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ապրող 31-ամյա մի տղամարդ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ տաբատի գրպանից գողացել են 170.000 դրամ։
Ըստ նրա՝ գողությունը կատարել էր Անի անունով մի աղջիկ։ Մարաշի քրեական հետախույզները պարզեցին, որ տղամարդու տաբատից դրամը վերցրած Անին 28-ամյա Անահիտն է, որին իրենք բերման են ենթարկել բնակարանային գողության կասկածանքով։
Դեպքերի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են, գողոնը հայտնաբերելու միջոցառումներ՝ շարունակվում։