ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը», Չեմպիոնների լիգայում շոտլանդական «Սելթիկին» պարտվելուց հետո, Եվրոպայի լիգայում իր առաջին հանդիպումը անցկացնելու է հուլիսի 26-ին: Մոնտենեգրոյում «Ալաշկերտը» հյուրընկալվելու է տեղի «Սուտեսկա» թիմի կողմից:
Իսկ «Սուտեսկայի» հետ պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 2-ին:Այս դիմակայությունում հաղթանակի հասնելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում մրցելու է Չեմպիոնների լիգայում մրցող ռումինական «Կլուժ» և շվեդական «Մալմյո» զույգի պարտվողի հետ:
Երևանի «Փյունիկը», որը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում երկու հաղթանակ է տոնել մակեդոնական «Վարդարի» նկատմամբ, որակավորման երկրորդ փուլում մրցելու է Ղազախստանի «Տոբոլ» թիմի հետ: Առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 26-ին Ղազախստանում, իսկ պատասխան հանդիպումը հուլիսի 31-ին Երևանում: Այս մրցակցությունում հաղթելու դեպքում «Փյունիկը» մրցելու է «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)-«Ռադնիչկի» (Սերբիա) զույգի հաղթողի հետ:
Եվրոպայի լիգայում Հայաստանը ներկայացնող մյուս երկու ակումբները՝ «Գանձասար-Կապանն» ու «Բանանցը» պայքարից դուրս են մնացել որակավորման առաջին փուլից հետո: