ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայաստանի նպատակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում անդամ երկրների պարտավորությունները ճշտելն է և այդ կառույցի արդյունավետությունը բարձրացնելը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ՀԱՊԿ թեմային անդրադարձավ բելառուսական զենքին վերաբերող հարցից հետո (մասնավորապես` «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, որոնք վաճառվել են Ադրբեջանին)։ Փաշինյանն ասաց, որ այդ մասին խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Վարչապետը չասաց, թե ինչպես է արձագանքել Լուկաշենկոն, բայց նշեց, որ ինքը խոսել է ուղիղ, բաց, անկեղծ։
«Այդ խոսակցությունը կշարունակվի, կմնա մեր օրակարգում, մենք դրան կվերադառնանք ցանկացած հարմար առիթի դեպքում», — ասաց Փաշինյանը։
Ադրբեջանին սպառազինություն վաճառելու թեման շոշափվել է նաև Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը։ Փաշինյանն ասաց, որ դիվանագետին հանձնարարականներ են տրվել։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, որի անդամ են Հայաստանը և Բելառուսը, Փաշինյանը նշեց, որ Երևանն իր առաջ նպատակ է դնում բարձրացնել այդ կառույցի արդյունավետությունը։
«Եթե մենք ՀԱՊԿ ենք, ապա մենք ձեր առաջ ունենք պարտավորություն, դուք՝ մեր: Եկեք ճշտենք դրա շրջանակն ու պահպանենք այն», — առաջարկեց վարչապետը։
Նրա խոսքով` դա թույլ կտա բարձրացնել Հայաստանի մասնակցության արդյունավետությունը ՀԱՊԿ շրջանակում, մեծացնել կազմակերպության արդյունավետությունը:
Նա համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար:
«Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող նույնիսկ հավատալ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որևէ գործողության, սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության: Մենք պետք է այս բոլոր պայմանագրային փոխադարձ պարտավորությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր և անկեղծ»,- նշեց կառավարության ղեկավարը:
Նա հիշեցրեց, որ Մոսկվա կատարած վերջին այցից հետո հայտարարել էր, թե հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների: «Մենք բացառապես բաց, անկեղծ քաղաքականություն ենք վարում բոլորի հետ: Մեր որևէ հարաբերության մեջ չկա և չի կարող լինել որևէ դավադրություն մյուս գործընկերոջ նկատմամբ: Ամեն ինչ պետք է լինի բաց, պարզ և թափանցիկ: Ինձ չի հետաքրքրում անգամ՝ այդպես ընդունված է միջազգային հարաբերությունների պրակտիկայում, թե ոչ»,- հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը պետք է ազգովի ամեն րոպե պատրաստ լինի պատերազմի, որովհետև մենք երկրի, հայրենիքի անվտանգությունից ավելի կարևոր առաջնահերթություն չունենք: