ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Երևանի ամենասիրված անվաչմշկորդ Լևոն պապը իսրայելցի արաբ բլոգեր Nas Daily-ի (իսկական անունը` Նուսեյր Յասին) 1 րոպեանոց տեսահոլովակի հերոսն է դարձել։
«Ողջույն: Անունս Լևոն է, ու ես երբեք չեմ մահանա», — ասում է ակտիվ պապը տեսահոլովակի սկզբում։
Facebook-ի ամենահայտնի բլոգերներից մեկը ցույց է տալիս երևանցու համեստ բնակարանն ու ասում, որ Լևոն պապը 65 տարեկան է։ Բնակարանի կադրին հաջորդում է փողոցի տեսարանը։
Լևոնը չմուշկներով, կարճ տաբատով ու ականջակալներով շրջում է Երևանի փողոցներով` չվախենալով մեքենաներից, ոստիկաններից ու ընդհանրապես որևէ մեկից։
«Այստեղ բոլորն իմ ընկերներն են», — պնդում է Լևոն պապը։
Հայ չմշկորդից բացի, բլոգերը ներկայացնում է Հյուսիսային պողոտան, Կասկադը, Օպերայի շենքը։
Ավելի վաղ բլոգերը պատմել էր շախմատի մասին, և նրա տեսահոլովակում նկարահանվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Nas Daily-ն մեկրոպեանոց տեսահոլովակ է նվիրել նաև Հայաստանի ցայտաղբյուրներին։