ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սոցիալական ցանցերը չափազանցրել ու աղավաղել են Լևոն Սարգսյանի բարեկամի հետ կապված պատմությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի պետ Դավիթ Անանյանը։
Հիշեցնենք `մի քանի օր առաջ Բագրատաշենի մաքսակետի (Վրաստանի հետ սահմանին) պետ է նշանակվել Արթուր Գասպարյանը, որն ալրաղացի բիզնեսով զբաղվող Լևոն Սարգսյանի` «ալրաղացի Լյովիկի» բարեկամն է (չխառնել Սերժ Սարգսյանի եղբոր` ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դեկանի հետ)։
Անանյանը նշեց` Գասպարյանը չի կարող լինել «ալրաղացի Լյովիկի» քրոջ որդին լինել այն պարզ պատճառով, որ նա թեև քույր ունի, բայց քույրը որդի չունի։
«Ինչ — որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ: Մամուլի հաղորդագրությամբ հերքումը տվել էինք, որտեղ նաև գրված էր, որ ըստ աշխատակիցների, տվյալ անձնավորությունը կամ պաշտոնյան, ինքը մասնագիտական առումով պատրաստված չէ և կոռուպցիոն առումով որոշակի մտահոգություններ են հայտնել մեր աշխատակիցները: Ես ուղղակի ծառայողական քննություն եմ նշանակել, որի արդյունքում կպարզվի աշխատակիցները նման բան ասել են, թե ոչ, և, ընդհանրապես, այդ մարդը այդպիսի որակական չակերտավոր ասած բաների մեջ վերապահումները տեղին են, թե չէ», — ասաց Անանյանը։
Նա նաև ավելացրեց` եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր և հրեշտակի թևերով, չի լինում նման բան: Անանյանը նշեց` սա այն համակարգն է, որը պետք է անընդհատ ինքնամաքրմամբ զբաղվի։