ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հայաստանի ռադիոֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը պատրաստվում է նոր պատվեր կատարել Samsung կորպորացիայի համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ԳԱԱ ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը։
Հիմա Samsung-ը ցանկանում է կատարելագործել փոփոխական մագնիսական դաշտի սենսորները։ Կորեական կոնցեռնն այդ խնդիրը դրել է իր մատակարարների առաջ, իսկ նրանք էլ պատվերը տվել են Ռադիոֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի հայ ֆիզիկոսներին։
Եվ ոչ միայն նրանց․ խոշոր կորպորացիաներն ամբողջ աշխարհում մի քանի միանման պատվերներ են բաժանում, որպեսզի հետո ընտրեն լավագույնը։
Իսկ ինչի՞ համար է այդ սենսորը. ավելի որակյալ չիպեր արտադրելու, լինի դա միկրոսխեմաներում, հեռախոսներում, թե նոութբուքներում։
Չիպի հիմքի վրա միկրոսխեմայի նախնական «նկարը» ստանալու համար հիմքն առաջին հերթին պետք է, օրինակ, կատարյալ մաքուր լինի։ Նախկինում այդ կիսահաղորդիչ թիթեղների վրա ռենտգենով էին գծեր անում, հիմա օգտագործում են պլազմա։ Բայց դրա համար պետք է, որ էլեկտրամագնիսական դաշտը մշակման խցիկում միատարր լինի։ Այլապես մի չիպը լավը կլինի, մյուսը՝ վատը։
Այդ միատարրությանը հետևելու համար պետք են փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի հաղորդիչներ։
«Իհարկե, Samsung-ը նման պատվեր է ուղարկել նաև ուրիշներին, որպեսզի հետո ընտրի լավագույն մոդելը։ Բայց մենք պատրաստ ենք հաղթահարել մարտահրավերը և առաջիկայում կներկայացնենք մեր մոդելը», — հայտարարեց է Զաքարյանը։
Նշենք, որ Ռադիոֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը համագործակցում է Samsung-ի մատակարարների հետ ավելի քան երկու տարի։