ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանի քաղավիացիայի ոլորտը, որում կուտակված բազում խնդիրներ կան, գլխավորել է մենեջմենթի ոլորտի մասնագետ երիտասարդ Տաթևիկ Ռևազյանը։
Այս նշանակումը համապատասխանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության տրամաբանությանը, որը ձգտում է ղեկավար պաշտոններում նշանակել երիտասարդ ու հեռանկարային մասնագետների։ Սակայն քաղավիացիայի ոլորտը բավականին բարդ է, արդյո՞ք երիտասարդ մենեջերը, այն էլ` կինը, կկարողանա կատարել ղեկավարի պարտականությունները։ Հատկապես, որ ավիացիան ընդունված է զուտ տղամարդկանց ոլորտ համարել։
30 տարեկան Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել է հուլիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Ռևազյանը ծնվել է Հայաստանում, բայց մեծացել և ուսում է ստացել Դանիայում։ Ավարտել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցն ու Կոպենհագենի բիզնես դպրոցը։ Աշխատել է միջազգային «FLYR» ընկերությունում, որտեղ զբաղվել է համաշխարհային ավիաընկերությունների հետ համագործակցությամբ։ Ռևազյանի համար այս նշանակումն անսպասելի է եղել, և նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։
Sputnik Արմենիան փորձագետներին հարցրել է` այդ նշանակումն ինչպե՞ս կանդրադառնա երկրի ավիացիայի զարգացման վրա։
«Ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը լինի ազնիվ, սկզբունքային, հայրենասեր, որ նա հայրենական քաղավիացիան զարգացնելու ցանկություն ունենա, — Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց հայտնի փորձագետ, ավիատոր Դմիտրի Աթբաշյանը։
Նա կարևորեց մենեջմենթի ոլորտում ունեցած հմտությունը, բայց նաև ավելացրեց, որ կոմիտեն զուտ բիզնես-գրասենյակ չէ։
«Սա այն վայրն է, որտեղ ձևավորվում է մեր ավիացիայի ռազմավարությունը, այնտեղ պետք է լինի մի մարդ կամ մարդկանց խումբ, որոնք հասկանում են և՛ կադրային քաղաքականությունից, և՛ տեխնիկական հարցերից», — ընդգծեց նա։
Փորձագետն ավելացրեց, որ կադրային քաղաքականության մեջ ղեկավարը պետք է տարբերի հեռանկարային գրագետ մասնագետին, օդաչուին, ինժեներին ու շարժման ծառայության մասնագետին։
«Ինքնաթիռներից բացի, կա նաև օդային տարածք։ Պետք է իմանալ` այնտեղ ինչ միջազգային կանոններ են գործում, վերջիվերջո ինչ է «բաց երկինքը»։ Քանի որ շատերին այդ հասկացությունը դուր է գալիս, սակայն մարդիկ չեն հասկանում` ինչ է դրա հետևում թաքնվում։ Իսկ այդ «բաց երկինքը» ժամանակին հանգեցրեց մեր բեռնափոխադրողի լրիվ ոչնչացմանը», — կարծում է ավիատորը։
Նրա կարծիքով` այդ ոլորտում կառավարման կոլեգիալ մարմին է պետք, որտեղ Ռևազյանն առաջին ստորագրության իրավունք կունենա։
«Շատ կարևոր է, որ վարչապետն անձամբ է նրան վստահում։ Իսկ ես դեռ վստահում եմ մեր վարչապետին», — ասաց Աթբաշյանը։
Աթբաշյանը նորմալ է համարում այն փաստը, որ Ռևազյանը ավիացիայի ոլորտի մասնագետ չէ։
«Պատկերացնենք, որ այնտեղ հայտնվեր մասնագետ, բարձրակարգ օդաչու կամ հիանալի ինժեներ, բայց նա կաշառակեր է, կոռուպցիոներ ու գող։ Այդ ժամանակ շատ ավելի վատ կլիներ», — կարծում է փորձագետը։
Նրա կարծիքով` այդ ոլորտի ղեկավարի համար ամենակարևորն ազնվությունն է։
«Գիտեմ` ինչ մարդիկ են ձգտել այդ տեղը զբաղեցնել. նրանք խառնակիչներ, գողեր ու շանտաժիստներ են։ Կային ոչ միայն վատ, այլև վտանգավոր տարբերակներ, թեև նրանք մասնագետներ էին», — ասաց Աթբաշյանը։
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը նույնպես ողջունում է այն փաստը, որ նման պատասխանատու աշխատանքը երիտասարդ կադրին են վստահում։
Պետրոսյանը խոստովանեց, որ ինքը մոտավորապես նույն տարիքում է եղել, երբ իրեն` կրթությամբ մաթեմատիկոսին, նշանակել են Հայաստանի քաղավիացիայի պետ։ Սակայն դա չի խանգարել, որ նա աշխատանքային որոշ հաջողությունների հասնի։
«Պարտադիր չէ, որ տաքսի ծառայության տնօրենը տաքսիստ լինի», — ասաց Պետրոսյանը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետը, վերջիվերջո, քաղաքական պաշտոն է, այստեղ քաղաքական որոշումներ են պետք։
«Կարծում եմ` այդ որոշումները պետք է կայացնի մի մարդ, որը կապված չէ ու կախված չէ ավիատորների գերդաստանից», — համոզված է քաղավիացիայի նախկին ղեկավարը։
Նրա կարծիքով` Ռևազյանից պահանջվում է լինել հաջողակ մենեջեր, հասկանալ ոլորտի խնդիրները և լուծել քաղաքացիական ավիացիայի զարգացման խնդիրները։
«Նախ` խորհուրդ կտայի բացահայտել կոռուպցիոն համակարգերը, որոնք նախկինում գործել են ավիացիայում։ Եթե դա արվի, մենք առաջընթաց կունենանք», — կարծում է Պետրոսյանը։
Նրա կարծիքով` պետք է չեղարկել 10 հազար դրամի չափով այսպես կոչված «օդի գումարը», որը վերցնում են ուղևորներից։ Այդ միջոցը, որպես ֆիսկալային քաղաքականություն, սկսվել է կիրառվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք` պետբյուջեն լրացնելու համար։ Սակայն Պետրոսյանը նշեց, որ «օդի գումարի» հետ կապված բազում խարդախություններ ու հանցագործություններ կան։
Բացի այդ, մասնագետը կոմիտեի առաջնահերթային խնդիր է համարում ազգային ավիաընկերության ստեղծումը. այդ ժամանակ նոր աշխատատեղեր կբացվեն, հայ օդաչուները կվերադառնան, ոլորտն էլ կզարգանա։