ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի պաշտպանությանն ուղղված ակցիա է անցկացվել, որի ժամանակ 2 ոստիկան է սպանվել։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ակցիային մասնակցած 150-200 ցուցարարները ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ են։
«Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկանները փորձել են կանխել ակցիայի անցկացումը, և ցուցարարների հետ բախում է տեղի ունեցել, և այդ ժամանակ ել սպանել են ոստիկաններին։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանները մահացել են կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներից:
Մահացած ոստիկաններն են Գյանջա քաղաքի ոստիկանապետ Իլգար Բալակիշիևը և Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալ Սամեդ Աբասովը:
Յունիս Սաֆարովը հուլիսի 3-ի երեկոյան Գյանջայի քաղաքապետարանի դիմաց կրակել էր քաղաքապետի և նրա թիկնապահի ուղղությամբ, նրանց տեղափոխվել էին հիվանդանոց: Սաֆարովը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանում ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձինք գտնվում են հետախուզման մեջ: Ադրբեջանի դատախազությունը և ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն՝ սպանություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է, սակայն նրանք դեռևս գտնվում են փախուստի մեջ:
Ոստիկանների սպանության մեջ կասկածվում են Ադրբեջանի քաղաքացիներ, նախկինում դատապարտված Հասիմ Ֆարուխ Խագանիօղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլիօղլուն: