ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձել են 300 երիտասարդ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։
«Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 հոգի ունենք, նրանցից 156-ը նախկինում զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ են, որոնք ներկայացել են և պատրաստ են անցնել ծառայության»,-նշեց նա։
ԳՇ պետն ասաց, որ նրանց բանակ են զորակոչում այն նույն հավասար սկզբունքներով, ինչ մյուս զորակոչիկներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ դիմել էր արտերկրում գտնվող այն երիտասարդներին, որոնց զորակոչային տարիքում են։ Վարչապետը հորդորել էր նրանց վերադառնալ Հայաստան և մեկնել ժամկետային զինվորական ծառայության։