ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Գյումրիում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է ՌԴ ռազմաբազայի զինծառայող։ Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը, իրենք ահազանգ ստացել են Շտապօգնութան ծառայությունից, այն մասին, որ Բուլվարային թաղամասում 206 տարածքում ավտովթարի հետևանքով կա արգելափակված մեքենա։
Դեպքի վայրում պարզվել է, որ վթարի հետևանքով մահացած երիտասարդը ՌԴ քաղաքացի, 32-ամյա Վլադիսլավ Կուլակովն է, ՌԴ ռազմաբազայի զինծառայող։ Նա իր վարած Nissan X-Trail մակնիշի 26 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Բուլվարային թաղամասում մխրճվել է թիվ 27 հասցեի դիմաց կայանված բեռնատար քարշակի մեջ:
Փրկարարները ՌԴ զինվորականների հետ հատուկ տեխնիկայի և վերամբարձ կռունկի միջոցով դին դուրս են բերել ավտոմեքենայից:
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել վնասվածքներ ստացած մեկ քաղաքացի։ Գյումրի ԲԿ–ից Sputnik Արմենիային ասացին, որ հիվանդանոց տեղափոխված տուժողը ամբուլատոր օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։