ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը` Վեներա Նազարբաևան, ամուսնացել է։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։
Վեներան Ղազախստանի ղեկավարի առաջին թոռն է, որ ամուսնացել է։ Նրա ընտրյալը Ղազախստանի ազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է` 22 տարեկան Դալեն Չայժունուսովը։
Հարսանեկան արարողությունը կայացել է Ալմաթիի Ritz-Carlton հանդիսությունների դահլիճում։ Արարողությանը հրավիրված է եղել Ֆիլիպ Կիրկորովը։
Վեներա Նազարբաևան ծնվել է 2000 թվականի մայիսին։ Նա հասցրել է ուժերը փորձել տարբեր ոլորտներում. երգել է Բրիթնի Սփիրսի հետ «Ալմաթի, իմ առաջին սեր» ռետրո-փառատոնի ժամանակ և էպիզոդիկ դեր կատարել «Բայկոնուր» ղազախական-ռուսական-գերմանական ֆիլմում։
Հաղորդագրության համաձայն` աղջկա ընտրյալի մասին բաց աղբյուրներում քիչ տեղեկություն կա։ Հայտնի է, որ նրա հայրը` Ալեն Չայժունուսովը, 2010-2012 թվականներին եղել է «Սամրուկ-Կազինա Կոնտրակտ»-ի գործադիր տնօրենը, ինչպես նաև գլխավոր կոմիսար է նշանակվել «Էքսպո-2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի Ղազախստանի սեկցիայում։