ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են երեկ՝ հունիսի 23-ին, Բագրևանդ թաղամասում՝ «Դիվա» գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և կատարողների ինքնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է՝ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հրայր Վարդանյանը և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Յուրի Փուրթոյանը։
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ նրանց հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Գագիկ Գալստյանը և 29-ամյա Մերուժան Դեմուրչյանը։
Գալստյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել, նրա մոտ եղել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, որով նա ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ է արձակել, իսկ Դեմուրչյանը ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է քննչական բաժին։
Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավված է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, իսկ վիրավորներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Կասկածյալները ստորագրությամբ ազատ են արձակվել։