ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Կառավարությունը որոշեց հարկային արտոնություն տրամադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ կապակցված «Վաբա» ընկերությանը։
Մինչ որոշման հաստատումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հարց ուղղեց` սուբյեկտիվիզմի խնդիր չկա արդյոք որոշման մեջ, և որքանով են արտոնությունների տրամադրման պայմանները հավասար բոլորի համար։
«Կառավարության որոշմամբ հստակ սահմանված 6 չափորոշիչներ կան, որոնցով գնահատվում է ցանկացած տնտեսական ծրագիր։ Կառավարություն մուտք գործելու պահից 6 օրվա ընթացքում ծրագիրը շրջանառում է նախարարություններում և 3-օրյա ժամկետում նախարարությունները ներկայացնում են իրենց գնահատականները այդ չափորոշիչների վերաբերյալ։ Առաջինը` տնտեսության վրա մուլտիպլիկատիվ էֆեկտ, երկրորդը` զբաղվածության ընդլայնումը, երրորդը` նորարարության և արտադրողականության բարձրացումը, չորրորդը` արտահանման ուղղվածությունը, հինգերորդը`ծրագրի շրջանակում տրվող միջին աշխատավարձը, վեցերորդը` ՓՄՁ օրենքով նախատեսված չափանիշների բավարարում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա ավելացրեց, որ նախարարությունը «Վաբային» այս պայմաններով է արտոնություն տրամադրել, բայց շարունակելու է հսկել ու խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռք առնել։
Մինասյանը տեղեկացրեց, որ նախկինում արտոնություն ստացած 101 կազմակերպություններից 8-ը հետագայում զրկվել են դրանից ու պարտավորվել ամբողջ ծավալով վճարել հարկերը։
Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ դատախազությունն այս ոլորտում ուսումնասիրություններ է սկսել։
«Իհարկե ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, բայց նախնական տվյալներով արդեն իսկ հայտնի է, որ մենք ունեցել ենք այս արտոնություններից օգտվող ոչ քիչ թվով ընկերություններ, որոնք ժամկետը լրանալուց առաջ սնանկ են ճանաչվել։ Այսինքն այստեղ չարաշահումների խնդիր է ի հայտ եկել»,- ասաց Դավթյանը։
Նշենք, որ այսօր արտոնություն ստացած «Վաբա» ընկերությունը Վանաձորում նախատեսում է կազմակերպել հակակարկտային ցանցերի համակարգի արտադրություն։ Այդ նպատակով կատարել 2,25 մլրդ դրամի ներդրում,
«Վաբա» ՍՊԸ-ի հիմնադիրը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է։
Կարկտապաշտպան ցանցի արտադրությունը «Վաբան» իրականացնելու է իտալական Carmac group ընկերության հետ։
Այս տարվա մարտի 29-ին գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանը այցելել էր Լոռու մարզ ու քննարկում անցկացրել կարկտապաշտպան ցանցի արտադրության թեմայով։ Այդ քննարկմանը մասնակցում էր նաև Վահրամ Բաղդասարյանը։


