ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Վրացական «Պիրվելի արխի» հեռուստաընկերության նկարահանող խումբն արտասահմանյան լրագրողների շարքում դարձել է առաջինը, որին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի վարչապետի կարգավիճակում։
Սակայն լրագրողը ստիպված է եղել դիմել խորամանկության։ Վրացական «Պիրվելի արխի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության լրագրող Լիկա Ալելիշվիլին այդ մասին պատմել է «Սարկե» (Հայելի) ամսագրին տված հարցազրույցում։
Ալելիշվիլին թիմի հետ ապրիլի 25-ից եղել է Երևանում, երբ քաղաքացիական անհնազանդության ակցիաները հասել էին իրենց գագաթնակետին։ Մյուսների նման նրանք ամեն օր Հայաստանի ապագա վարչապետի հետ անցել են մոտ 30 կմ։ Բայց ինչպես պատմում է լրագրողը, արտասահմանյան ԶԼՄ-ների համար դռները փակվել են, երբ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը։
«Ինքնաբուխ եղավ։ Մինչև հիմա դժվարությամբ եմ հավատում, որ մեզ մոտ ստացվեց։ Երևանից հեռանալուց առաջ ես ևս մեկ անգամ զանգահարեցի Փաշինյանի մամուլի ծառայություն և խնդրեցի օգնել նրա հետ հարցազրույց անել, բայց մեզ ասացին, որ վարչապետն իր նստավայրում է և ժամանակ չունի», — պատմել է Ալելիշվիլին։
Այդ ժամանակ վրացի լրագրողները որոշել են գնալ նրա նստավայր` «փորձը փորձանք չէ» սկզբունքով։
Աղջիկն անկեղծացել է, որ որքան էլ անհարմար է խոստովանել, բայց ներս մտնելու համար խաբել է անվտանգության ծառայությանը։ Լրագրողներն ասել են, որ Փաշինյանը սպասում է նրանց և պայմանավորվել են հանդիպման մասին։
Անվտանգության աշխատակիցները չեն հավատացել և մերժել են, բայց սառույցը շարժվել է, երբ «Պիրվելի արխիի» լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն ցույց է տվել Փաշինյանի հետ համատեղ լուսանկարները։
«Անվտանգության ծառայության պետը զանգահարել է Տիգրան Ավինյանին (այդ ժամանակ նա Փաշինյանի մամուլի քարտուղարն էր)»։
«Ես խաբեցի Տիգրանին, որ իբր ոչ թե վարչապետի, այլ նրա հետ եմ ուզում հարցազրույց անել, ուստի ցանկացել եմ մտնել նստավայր», — պատմել է Լիկան։
Այդպես լրագրողներին ներս են թողել, իսկ այնտեղ նրանք հանդիպել են վարչապետին։ Փաշինյանը համաձայնել է պատասխանել միայն մեկ հարցի։
Բայց խոսքից խոսք է բացվել, և վրացիներին հաջողվել է լիարժեք հարցազրույց անել։ Հենց այդ հարցազրույցում էլ Փաշինյանը նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Երևան։