ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Բրիտանական Smoothradio առցանց պորտալն ամերիկահայ երգչուհի Շերիլին Սարգիսյանի մասին 11 փաստ է հրապարակել, որոնց մասին, պարբերականի խմբագիրների կարծիքով, պետք է իմանա փոփ կատարողի յուրաքանչյուր երկրպագու։
«Շերն աշխարհի ամենահայտնի երգչուհիներից ու դերասանուհիներից մեկն է։ Նրա կարիերան վեց տասնամյակ է ընդգրկում», – նշված է հոդվածում։
11 փաստ
1. Քանի՞ տարեկան է Շերը։
Նա ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին։ 2018թ.–ին երգչուհին նշել է իր 72-ամյակը։
2. Որո՞նք են ամենահայտնի հիթերը։
Իր կարիերայի ընթացքում Շերը հարյուրավոր երգեր է ձայնագրել։ Ամենահայտնիներն են` «Believe», «The Shoop Shoop Song (It's In His Kiss)», «I Got You Babe», «Just Like Jesse James», «If I Could Turn Back Time», և «Gypsies, Tramps and Thieves» երգերը։
3. Շերի իսկական անունը։
Շերիլին Սարգսյան։ Բեմական կեղծանուն նա սկսել է կիրառել 1960-ականների կեսերից։
4. Ո՞վ էր Շերի ամուսինը` Սոննի Բոնոն։
Շերը Սոննի Բոնոյի հետ հանդիպել էր 1962 թվականի նոյեմբերին, երբ Բոնոն աշխատում էր պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի հետ։ Շերն ու Սոննին մտերիմ ընկերներ դարձան, իսկ ավելի ուշ` նաև սիրեցյալներ։
1960-ականների վերջին 1970-ականների սկզբին նրանք միասին հայտնի դուետ կազմեցին։
5. Ո՞վ էր Շերի երկրորդ ամուսինը։
1975 թվականի հունիսի 30-ին` Սոննիի հետ ամուսնալուծվելուց 4 օր անց, Շերն ամուսնացավ ռոքի լեգենդ, The Allman Brothers Band–ի համահիմնադիր Գրեգ Օլմանի հետ։
Սակայն 9 օր անց Շերը դիմեց ամուսնալուծության` հերոինի և ալկոհոլի հետ կապված Օլմանի խնդիրների պատճառով, սակայն մեկ ամսվա ընթացքում նրանք կրկին միացան։ Այնուամենայնիվ, զույգն ամուսնալուծվեց 1979 թվականին։
6. Արդյո՞ք ամուսնացած է Շերն այսօր։
2018 թվականից Շերն ազատ է։ Մյուս հայտնիները, որոնց հետ նա սիրավեպ է ունեցել, դերասան Թոմ Կրուզն է, բայքեր և հեռուստահաղորդավար Թիմ Մեդվետցը, երգիծական գրքի հեղինակ Ռոն Զիմերմանը։
7. Ովքե՞ր էին Շերի ծնողները։
Հայրը` Ջոն Սարգսյանը, էթնիկ հայ է։ Նա բեռնատարի վարորդ էր, թմրանյութերի և մոլախաղերի նկատմամբ սեր ուներ։ Մայրը` Ջորջիա Հոլթը, մոդել էր և դերասանուհի։
8. Որքա՞ն է գնահատվում Շերի կարողությունը։
Որոշ գնահատականների համաձայն` երգչուհու կարողությունը մոտ 320 մլն դոլար է կազմում։
9. Քանի՞ երեխա ունի Շերը։
Երգչուհին երկու երեխա ունի` Չեզ Բոնոն` Սոննիից և Էլայջա Բլուն` Գրեգ Օլմանից։
10. Շերի ձայնի դիապազոնը։
Կոնտրալտո։
11. Ի՞նչ դերեր է մարմնավորել կինոյում։
Շերը բավականին հաջողակ կարիերա է արել կինոմատոգրաֆում։ Նա խաղացել է «Դիմակը», «Բուրլեսկ» ֆիլմերում։ Իսկ 2018 թվականին Mamma Mia! Here We Go Again երաժշտական կատակերգության մեջ հայտնվել է Մերիլ Սթրիփի մոր դերում։