ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ամերիկահայ երգչուհի, դերասանուհի, կինոռեժիսոր և պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյանը) Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեյդիս Բերեջիկյանին հայերեն է ողջունել։ Այս մասին հայտնում է The Australian-ը։
Նրանք հանդիպել են Սիդնեյում անցկացվող «Մարդի Գրա» ամենամյա ԼՀԲՏ համայնքի փառատոնում։
«Ինչպե՞ս ես»,- հայերենով հարցրել է Շերը Բերեջիկյանին։ Հետո կանայք մոտ 10 րոպե զրուցել են։
Նրանք նաև սելֆի են արել Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թյորնբուլի հետ։
Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերունդն է և ավստրալահայ առաջին գործիչը, որ զբաղեցրել է նահանգային վարչապետի պաշտոնը։
Շերը հայտնի փոփ-երգչուհի է, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր։ Նրան հաճախ կոչում են «Փոփի աստվածուհի»: Շահել է մեկ «Օսկար», մեկ «Գրեմմի», մեկ «Էմմի», երեք «Ոսկե Գլոբուս» և մի շարք այլ մրցանակներ։ Շերն ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։