ԵՐԵՎԱՆ, 18 Հունիս — Sputnik. Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը մնում է ՀՀ ԱԳՆ-ի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օրակարգում։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ պետք է բանակցային գործընթացն առաջ տանելու համար պայմաններ ստեղծել, որոնք կենթադրեն, որ ուժի կիրառման վտանգ չկա, չկան կրակոցներ, կա առաջընթացի մթնոլորտ։
Ըստ Բալայանի` Վիեննայում, Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները հենց դրան են ուղղված։
Նշենք, որ Արցախում ԵԱՀԿ դիտորդների առաքելությունն ընդլայնելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքում։ Նախատեսվում էր, որ դա թույլ կտա նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում։
Սակայն Բաքուն փաստորեն հրաժարվեց կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները` համարելով, որ դրանց իրականացումը կամրապնդի ստատուս-քվոն հակամարտության գոտում։