ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. 2018 թվականին Հայաստանն Իրանից նախատեսված ծավալից 40%-ով շատ գազ կստանա։ Պայմանավորվածությունն արդեն կա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից։
Առաջիկայում նախարարության պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Թեհրան, որտեղ կքննարկեն այդ հարցը։
Հայաստանը իրանական գազ է գնում ջերմային էլեկտրակայանների աշխատանքի համար։ Գազի յուրաքանչյուր խորանարդ մետրից Հայաստանի ջերմակայանները 4 — 4,5 կիլովատ/ժամ էներգիա են արտադրում։ Դրանցից երեքը Հայաստանն Իրանին է տալիս, մնացածն իրեն է պահում։
Հայաստանն Իրանից տարեկան 370-380 միլիոն խորանարդ մետր գազ է ստանում։ Ռուսաստանից ստացած գազի ծավալը համարյա հասնում է երկու միլիոն խորանարդ մետրի։
2019 թվականից հնարավոր կլինի երեք անգամ ավելի շատ էլեկտրականություն մատակարարել Իրան։ Դա հնարավոր կլինի Իրանում երրորդ բարձրավոլտ գծի (400 կՎ լարման) շինարարությունից հետո ։
Սակայն նախարարությունում կարծում են, որ հիմա էլ կարելի է ավելացնել մատակարարումները։ Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» վերջին տարիների արդիականացումը թույլ է տվել ավելացնել դրանց թողունակությունը։
Նախարարությունից նշեցին, որ հաշվի առնելով այս ամենը` Հայաստանն ու Իրանն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի` 2018 թվականին հանրապետությունը գազի նախատեսված ծավալից 40%-ով ավելի շատ գազ կստանա։
Սկզբում «գազ-էլեկտրականություն» փոխանակմամբ աշխատում էր միայն «Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը»։ 2016 թվականից այդ սխեմայով սկսեց գործել նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ Այն միանում է, երբ Երևանի ՋԷԿ-ը չի հասցնում օգտագործել ստացած գազը։
Հիմա «Հրազդան —5»-ը աշխատում է ոչ մեծ ծանրաբեռնվածությամբ, քանի որ էլեկտրացանցը, առաջին հերթին, գնում է համեմատաբար էժան էլեկտրաէներգիա (ՀԷԿ-ից ու ատոմակայանից), որպեսզի սպառողների համար գինը շատ բարձր չլինի։ Սակայն եթե կայանը սկսի էլեկտրաէներգիա արտահանել, այդպիսի ռիսկեր չեն առաջանա։