ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, և շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին:
Նախագահ Սարգսյանը և դեսպան Ֆարնուորթը մեծապես կարևորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը և վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու և ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը։