ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարգավաճում:
Նիկոլ Փաշինյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հազարամյա պատմություն և յուրահատուկ ժառանգություն ունեցող երկրի՝ Ռուսաստանի պատմության մեջ այս նշանակալի օրը խորհրդանշում է համակարգային փոփոխությունները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, միջազգային հարթակում պետության դերի և հեղինակության ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը։
Մենք Հայաստանում արժևորում ենք մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերը, որոնք հուսալի հիմք են դարձել զարգացնելու միջպետական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հունով։ Խորին համոզմունք ունեմ, որ կառուցողական փոխգործակցության հետագա ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում, ինչպես նաև փոխշահավետ ծրագրերի համատեղ առաջմղումը տնտեսության և մշակութային-հումանիտար ոլորտներում լիարժեք համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին»,–գրել է Նիկոլ Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղված շնորհավորական ուղերձում։։
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ վերջերս կայացած հանդիպումը` Սոչիում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում, ևս մեկ քայլ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և հարստացման համար՝ ի նպաստ մեր ժողովուրդների և պետությունների, ի շահ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման։