ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերություններում սկսվել է նոր փուլ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:
Գործադիրի ղեկավարը կարևորել է արդյունավետ համագործակցությունը նաև Եվրասիական տնտեսական միության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ առկա խնդիրների լուծման, ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով: