ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Երևանում հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Այս մասին Մարկեդոնովը գրել է Facebook սոցցանցի իր էջում։
«Երևանյան այցիս վերջին օրը հանդիպում ունեցա Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եղա նրա նստավայրում, հարցերի լայն շրջանակ քննարկեցինք (հայ-ռուսական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի կարգավորում, Հայաստանի իրավիճակն ու միջազգային իրադրությունը)», — գրում է փորձագետը։
Մարկեդոնովը Տեր-Պետրոսյանից գիրք է նվեր ստացել, որում, պարզվել է, վերահրատարակվել են նաև փորձագետի հոդվածներից մի քանիսը։
«Մի լավ վայելեցի նախագահական հյուրընկալությունը, տանտիրոջ ձեռքով սեփական այգում աճեցրած ծիրան համտեսեցի», — գրել է Մարկեդոնովը։
Քաղաքագետը Երևանում մասնակցել է «Կովկաս-2017» միջազգային համաժողովին։