ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը մեծ պատիվ է համարում Հայաստանում գտնվելն ու «Ավրորա» նախաձեռնության միջոցառումներին մասնակցելը։ Այս մասին նա ասաց այսօր Մատենադարանում ««Ավրորա-2018. երկխոսություններ» համաժողովում ելույթ ունենալիս։
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը։ Պատահական եմ իմացել Հայոց ցեղասպանության մասին, երբ պատրաստվում էի գիրքս գրել», — ասաց Փաուերը։
«Խնդիր դժոխքից․ Ամերիկան ցեղասպանության դարում» գիրքը պատմում է էթնիկ զտումների (սկսած Հայոց ցեղասպանությունից ու վերջացրած Կոսովոյի իրադարձություններով) ու ԱՄՆ-ի կառավարության արձագանքի մասին։
Գրքի վրա աշխատելիս նա բախվել է «ցեղասպանություն» եզրույթին ու սկսել է ուսումնասիրել դրա ծագումնաբանությունը։ Այսպես նա իմացել է XX դարի առաջին Ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի մասին։
«Այսպես ես ծանոթացա Հայաստանին, այն սարսափներին, որոնց միջով անցել է հայ ժողովուրդը», — ասաց քաղաքական գործիչը։
Ավելի ուշ նա ծանոթացել է «Ավրորա» մրցանակի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի ու Նուբար Աֆեյանի հետ։
Հիշեցնենք՝ քաղաքական գործիչը Հայաստան է ժամանել «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա լինելու համար։
Երեկ Փաուերը Ծիծեռնակաբերդ է այցելել։
2017 թվականի նոյեմբերին Փաուերն ընդգրկվել է «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի կազմում։
Սամանտա Փաուերը ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչն է եղել։ Նա աշխատել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում։