ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հունիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:
Ողջունելով ուսանողներին՝ արտգործնախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ Դիվանագիտական ակադեմիայի և ՄԳԻՄՕ-ի նման հեղինակավոր ուսումնական հաստատություններում ստացած որակյալ մասնագիտական կրթությունը գիտելիքների հարուստ պաշար կտա և ամուր հիմք կհանդիսանա նրանց հետագա գործունեության համար, լինի դա դիվանագիտական, թե այլ ասպարեզներում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ ուսանողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային կարևորություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին և ռազմավարական փոխգործակցությանը, իր այցելության ընթացքում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին:
Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին: