ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը» (ԳՄՌԿ) Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ «ֆուտբոլասերների տան» կվերածվի, լրագրողներին ասաց Հայաստանում ԳՄՌԿ տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։
«Ֆուտբոլասերների ռուսական տուն» նախագիծը կգործարկվի բոլոր երկրներում, որտեղ «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն» է գործում, հավելեց նա։
«Այստեղ կցուցադրվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի հեռարձակումները։ Կենտրոնի բակում երկրպագուների համար ֆան գոտի է ստեղծվելու։ Կցուցադրվեց առանցքային և այն խաղերը, որոնցում մասնակցում է Ռուսաստանի հավաքականը», – նշեց Ռիբինսկին։
ԳՄՌԿ տնօրենի խոսքով` տարիքային սահմանափակումներ չկան, open-air հարթակում ֆուտբոլի երկրպագուները կկարողանան դիտել իրենց հետաքրքրող խաղերը մեծ էկրանի վրա։ Ռիբինսկին ավելացրեց, որ ֆան գոտին կկարողանա մոտ 40 մարդ ընդունել։
«Ֆուտբոլասերների ռուսական տան» բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության անդամները։
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում, մրցաշարերն անցկացվելու են 11 քաղաքի 12 մարզադաշտերում։
Խաղերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը տեղի կունենա հունիսի 14-ին` Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Առաջնության եզրափակիչ խաղը նույնպես կանցկացվի «Լուժնիկի» մարզադաշտում հուլիսի 15-ին։