ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Բրիտանացի հայտնի ռեժիսոր Գայ Ռիչին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված տեսահոլովակ է նկարահանել։
Հոլովակի գլխավոր հերոսը երիտասարդ Անդրեյն է, որը դեմ է դուրս գալիս բակի խուժաններին։ Տղան, որը մարմնավորում է ռուսական ֆուտբոլի ապագան, գեղեցիկ հարվածով հիմարացնում է չորս խուլիգանների։
Տեսահոլովակը ներկայացնում է չորս հայտնի ֆուտբոլիստների պատմությունները` անգլիացի Հարի Քեյնի, բրազիլացի Նեյմարի, գերմանացի Մեսութ Օզիլի ու ֆրանսիացի Բենջամեն Մենդիի։ Բացի այդ` հոլովակում էպիզոդիկ դերեր են կատարել նաև ռուս Ֆյոդոր Սմոլովը, իսպանացի Դավիդ դե Խեան, ֆրանսիացի Թիերի Անրին ու Պատրիս Էվրան, նաև ամերիկացի թենիսիստուհի Սերեն Ուիլյամսը։
Հեգնական ձևով ներկայացվում է, թե ինչպես են նրանք պատարստվում մեկնել Ռուսաստան` Աշխարհի առաջնությանը։
Գայ Ռիչին բրիտանացի ռեժիսոր է, հայտնի է «Խաղաքարտեր, փողեր և երկու հրացան», «Մեծ խաղագումար», «Ատրճանակ», «Շերլոկ Հոլմս», «Ռոքնռոլլա» և այլ ֆիլմերով։
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում, մրցաշարերն անցկացվելու են 11 քաղաքի 12 մարզադաշտերում։
Խաղերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը տեղի կունենա հունիսի 14-ին` Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Առաջնության եզրափակիչ խաղը նույնպես կանցկացվի «Լուժնիկի» մարզադաշտում հուլիսի 15-ին։