ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Խոշոր բիզնեսի ներկայացուցիչների ՀՀԿ–ից դուրս գալը կշարունակվի, համոզված է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փորձագետը հայտարարեց, որ առաջիկա ամիսներին ՀՀԿ–ի շարքերը կշարունակեն նոսրանալ, և դա օրինաչափ գործընթաց է։
«Պայմանականորեն նախկին իշխանություն ՀՀԿ–ի ներսում կարելի է առանձնացնել երեք խումբ` խոշոր բիզնեսը, այսինքն` «օլիգարխները», միջին օղակի պաշտոնյաները` փոխնախարարները և վարչությունների պետերը, ինչպես նաև բառի սովորական ընկալմամբ քաղաքական գործիչները։ Վերջինները էլ փորձում են ձևավորել ՀՀԿ–ի միջուկը արտահերթ ընտրությունների նախօրեին», – ասաց Իսկանդարյանը։ Հանրապետական քաղաքական գործիչները պետք է ամեն գնով պահպանեն կուսակցությունը։
Ինչ վերաբերում է առաջին երկու խմբերին, ապա միջին օղակի պաշտոնյաներն աստիճանաբար ընդգրկվում են նոր կառավարության կարդային միջուկի մեջ։ Նրանք մեծամասամբ պրոֆեսիոնալներ են և չեն հրաժարվի իշխանությանը ծառայելուց։
Թեև գործարարները պաշտոնապես կապված չեն լինի նոր իշխանության հետ, սակայն կփորձեն հարմարվեն Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի թելադրած խաղի նոր կանոններին։ Իսկանդարյանը չի բացառում, որ բիզնեսը փորձի տեղեր ստանալ խորհրդարանում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ ձևով։
Sputnik Արմենիայի այդ պարզաբանող հարցին, թե բիզնեսը նախկինի նման քաղաքական տանիքի կարիք կունենա՞ նոր քաղաքական իրողություններում, Իսկանդարյանը պատասխանեց, որ ցանկացած քաղաքական համակարգի դեպքում խոշոր բիզնեսը միշտ փորձել է և կփորձի լավ հարաբերություններ ունենալ իշխանության հետ։