ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, համադրելի չէ ո՛չ Վրաստանում, ո՛չ էլ Ուկրաինային տեղի ունեցած հեղափոխությունների հետ: Այսօր, ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Ուկրաինական մայդանի ու վրացական վարդերի հեղափոխության հետ համեմատելու փորձերին
«Մենք որևէ արտաքին ուժի, այդ թվում Մոսկվայի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք մեր երկրի, մեր իրավունքների համար»,- ասաց նա։
Նա վերահաստատեց նախկինում արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել բոլոր արտաքին գործընկերների՝ ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ:
«Բայց սա չի նշանակում, որ մենք նրանց ինքնությունից ինչ-որ մաս ենք վերցնելու և մեր ինքնության մասը դարձնելու: Մենք ունենալու ենք մեր ինքնությունը, մեր երկիրը, մեր իրավունքները»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։ Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։