ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Մուրադյանը եղել է Օդեսայում գլխավոր հյուպատոսը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,-նշված է որոշման տեքստում:
Մուրադյանի անունը հայկական լրատվամիջոցներում արծարծվել է դեռ 2000-ականների կեսերին, երբ «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով: «Հրապարակ» թերթը գրել է, որ դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝ կոկաին, ինչպես պարզվել է՝ մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է:
Ըստ թերթի` Մուրադյանն ինքն անձամբ չի գնացել ստանալու «ծանրոցը», այլ համոզել է իր ծանոթ երկու աղջիկներին անել դա իր փոխարեն` նրանց տալով մի անդորրագիր… Աղջիկները գնացել են ստանալու ծանրոցը և տեղում ձերբակալվել։ Նրանք անմիջապես պատմել են, թե ինչպես է Գեորգի Մուրադյանը «պադստավկա» արել իրենց: Բնականաբար, Մուրադյանին անմիջապես ձերբակալել են, որից հետո ԱՄՆ-ում ձերբակալել են նաև նրա հանցակցին: Մուրադյանը դատապարտվել է, բայց մի որոշ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ։
«Անցնելով առաջ ասենք, որ Գեորգի Մուրադյանի հայրը՝ ՀՀ ԱԳՆ հնագույն և հարգված դիվանագետներից Էդուարդ Մուրադյանը, նրան մոտիկից ճանաչող մարդկանց վկայությամբ, չափազանց ծանր տարավ որդու խայտառակությունը և ջանք չխնայեց վերջինիս ազատելու համար: Ավաղ, 2011թ. սկզբին նա ինֆարկտից «հանկարծամահ» (՞) եղավ Թբիլիսիում, ուր աշխատում էր որպես ՀՀ դեսպանության խորհրդական… Կրտսեր Մուրադյանը, բանտից դուրս գալուն պես փորձում է վերականգնվել աշխատանքի ՀՀ ԱԳՆ-ում, սակայն մերժում է ստանում: Ժորիկին «տիրություն» է անում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, և բավականին արագ Մուրադյանը հասնում է վերջինիս գլխավոր օգնականի պաշտոնին՝ դառնալով, ըստ էության, Աբրահամյանի ամենամոտ անձանցից մեկը»,- նշված է հոդվածում։
Աբրահամյանի հրաժարականից անմիջապես հետո Մուրադյանը ևս «հրաժարական է տալիս»` որոշ ժամանակ անց հայտնվելով ՀՀԿ նախընտրական շտաբում։
2012 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Մուրադյանը նշանակվում է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս։
Հետաքրքիր փաստ. Ավինյանի խորհրդական նշանակվելու լուրը հրապարակվել է այսօր` հունիսի 6-ին, բայց նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ կառավարությունում աշխատանքի է անցել մայիսի 20-ին` 17 օր առաջ։