ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Եվրամիության հետ կնքված պայմանագրի 80 տոկոսն է կիրարկվում։ Այսօր լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Դուրս են մնացել միայն այն դրույթները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների (այսինքն 5-րդ մասի տնտեսական համագործակցության վերաբերյալ) և «Եվրատոմի» բացարձակ իրավասության տակ։ Սրանք են միայն դուրս մնացել ժամանակավոր կիրարկումից»,- նշեց Բալայանը։
Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից, ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Ազգային ժողովը փաստաթուղթը վավերացրել է ապրիլի 11-ին:
Այս համաձայնագիրը գալիս է փոխարինելու 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» Հայաստանի և ԵՄ-ի միջեւ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2009-ին եւ անընդհատ երկարացվում էր:
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։