ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Լատինական Ամերիկայի և Եվրոպայի լեգենդները կմրցեն «Հանրապետական» մարզադաշտում:
2015 թվականին գործարար Արթուր Սողոմոնյանը Երևանում նման հանդիպում կազմակերպեց, որը նվիրված էր Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին: Այդ հանդիպման արձագանքը հաշվի առնելով` Սողոմոնյանը նոր նախագիծ է իրականացնելու, որի նպատակն է ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը ֆուտբոլային աշխարհում:
Հայ գործարարը Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց` օգտագործելով այն փաստը, որ աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանում, ինքն իր նախագծով պարզապես Հայաստանին մոտեցնում է մունդիալին:
Բացի այդ, այս անգամ Հայաստան են ժամանելու ֆուտբոլի ոչ վաղ անցյալի կարկառուն դեմքերը:
Արդեն պայմանավորվածություն կա, որ Երևանում խաղադաշտ դուրս կգան Ռիվալդոն, Հեռնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Կաֆուն, Դիդան, Իվան Սամորանոն, Մալդինին, Խրիստո Ստոիչկովը, Յարի Լիտմանենը, Ռայան Գիգզը: Այս ցուցակը կարող է ավելի «հարստանալ», քանի որ մինչև հուլիսի 8-ը այլ աստղերի հետ բանակցությունները շարունակվելու են:
Ասուլիսին ներկա ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն էլ ընդգծեց, որ իրեն հիանալի է զգում Երևանում: Եվ այն հյուրասիրությունն ու ընդունելությունը, որին արժանացել են Խորեն Հովհաննիսյանի հոբելյանի հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստները, ոգևորել է մյուսներին, և այս անգամ շատ ավելի հնչեղ ազգանուններ կմասնակցեն այս հանդիպմանը:
Բացի ֆուտբոլային խաղից, որը կայանալու է հուլիսի 8-ին, լինելու են նաև այլ միջոցառումներ` ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ: Մասնավորապես Երևանի Ազատության հրապարակում ծրագրվում է անցկացնել ֆան-գոտի, որտեղ երկրպագուները կարող են ևս մեկ անգամ տեսնել ֆուտբոլային աստղերին:
Ինչպես նշեց Արթուր Սողոմոնյանը, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի ֆուտբոլային աստղերը հերթական անգամ կփորձեն հաղթել մեկմեկու, և այս խաղը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումներից առաջ յուրահատուկ նվեր կլինի երկրպագուներին: Ի դեպ, Եվրոպայի հավաքականի կազմում խաղադաշտ կարող է դուրս գալ նաև Խորեն Հովհաննիսյանը: