ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ադրբեջանին ապօրինի զենք վաճառելու մեղավորները կպատժվեն։ Այս համոզմունքը հայտնեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Սլովակիայում տեղի ունեցած միջադեպը։
Ավելի վաղ Սլովակիայում հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը հայտնել էր, որ գաղտնի ու խաբեբայության մեծ տարր պարունակող գործարք է կատարվել Չեխիայի եւ Ադրբեջանի միջև։ Չեխիայի ու Սլովակիայի գործարարներն ուզում են Ադրբեջանին մեծ խմբաքանակով զենիթահրթիռային համալիրներ, ինքնագնաց հրետանի ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել։ Գաղտնիության համար զենքը պետք է տեղափոխվեր ոչ թե ուղղակիորեն, այլ Իսրայելի միջոցով։ Ըստ Գրիգորյանի` խաբեության հիմքում ընկած է այն, որ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի ստորագրությամբ տրված է կեղծ վերջնական օգտագործողի (end user) տեղեկանք, ըստ որի՝ ռազմական տեխնիկան, իբր թե, արտահանվում է Իսրայել:
Բալայանի խոսքով` լիցենզիան իսկապես այլ երկրի անունով էր ձևակերպած։ Նա հավելեց, որ հետաքննություն է սկսվել, ու կարելի է հուսալ, որ մեղավորները կպատժվեն։
«Դեռ նախորդ տարի այդ հարցով հսկայական աշխատանք է արվել։ Հենց այս րոպեներին Չեխիայում ու Սլովակիայում մեր դեսպանը այս հարցով հանդիպումներ է անցկացնում», — հայտնեց Բալայանը։
Նա հավելեց, որ Չեխիայի ու Սլովակիայի արտգործնախարարությունները գիտեն միջադեպի մասին։
Ավելի վաղ չեխական «ԴԱՆԱ» հրետանային համակարգերն ու RM-7 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը հայտնվել էին Ադրբեջանում։ Ամենայն հավանականությամբ, Իսրայելը միջնորդ է եղել։ Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր դրա մասին։ Միաժամանակ Հայաստանում Չեխիայի դեսպանությունը զարմացած է` ինչպես կարող էր այդպիսի զենքը հայտնվել Ադրբեջանում։
Այդպիսի գործարքների դեպքում «վերջնական օգտատերի սերտիֆիկատ» հասկացություն գոյություն ունի։ Պաշտոնական Պրահան, միևնույնն է, պետք է իմանա մատակարարման մասին, նույնիսկ եթե Իսրայելն էր զենքը վերավաճառում։