ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. 35–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Ավան վարչական շրջանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանը 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ իրականացրել է իր լրագրողական գործունեությունը, որի ժամանակ քաղաքացիական հագուստով և բժշկական դիմակներով անձինք պահանջել են դադարեցնել տեսանկարահանումը, ապա մահակներով հարվածել են նրան, ոլորել ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Բացի այդ, հափշտակել են լրագրողի «IPad Air 2» տեսակի պլանշետը և «Samsung Galaxy J7» տեսակի բջջային հեռախոսը՝ դրանով խոչընդոտելով նրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, այնուհետև մահակներով հարվածել և վնասել լրագրողին պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վ.Թադևոսյանը ճանաչվել է տուժող։
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ։
Տուժողի մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց ժամանակ լրագրողը կասկածյալին մատնացույց է արել՝ որպես իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձին օժանդակողի։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1983թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-164-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կատարված բռնություններին մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։